Նրա խոսքով, Գամսախուրդիայի օրոք սկսված բռնաճնշումները ավելի ինտենսիվ են նախագահ Սահակաշվիլիի օրոք: Այդ մասին վկայում է ոչ միայն դպրոցների խայտառակ վիճակը, Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի չճանաչումը, նաեւ Ջավախքի հայերի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը:
Նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին օգտագործել Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները Ջավախքի հայերի խնդիրները լուծելու համար, նաեւ փոխել արհամարհական վերաբերմունքը հարեւան երկրում ապրող հայերի նկատմամբ:
Գաբրիելյանը միաժամանակ նկատել է, որ Հայաստանի իշխանությունները որոշ խնդիրներ են լուծում, սակայն գլոբալ խնդիրները չլուծված են մնում:
NEWS.am
Ջավախքը ոչ թե գործոն է, այլ գործիք Հայաստանի և Վրաստանի համար
Ջավախքցիները` Հայաստանի զիջողական և պարտվողական քաղաքականության մասին
Ջավախքը պետք է կամուրջ հանդիսանա երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները շարունակելու համար: Այսօր Ջավախքը գործիք է դարձել երկու պետությունների ձեռքում, բայց պետք է վերածվի գործոնի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանը:
Նա նշեց, որ Հայաստանը պարտվողական և զիջողական քաղաքականություն է վարում, և իշխանությունների բարի կամքի դրսևորում է պետք և ցանկություն, որպեսզի որոշ խնդիրներ լուծում ստանան:
Արտակ Գաբրիելյանը հիշեցրեց, որ Ջավախքում Գամսախուրդիայի ժամանակաշրջանից ի վեր իրականացվում է հայաթափման քաղաքականություն: «Վարդերի հեղափոխությունից» հետո` Մ. Սահակաշվիլու ղեկավարման ժամանակաշրջանում, ավելի կտրուկ է դրվել վրացականացման և հայաթափման քաղաքականության հարցը:
«Վրաստանի արտգործնախարարը դուրս է հանել Վրաստանի պետական գաղտնիքը, որ երբևիցե Վրաստանի քաղաքական քարտեզի վրա Ջավախքը չի լինելու»,- ասաց Արտակ Գաբրիելյանը` հիշեցնելով, որ իր ներկայացրած խորհուրդն է նաև այդ պատասխանը տվել Գրիգոլ Վաշաձեի այն հայտարարությանը, թե Վրաստանի քարտեզի վրա Ջավախք տարածաշրջան չկա:
Արտակ Գաբրիելյանը ոչ միայն Էդվարդ Նալբանդյանից էր ակնկալում համապատասխան պատասխան, այլ մի շարք քաղաքական ուժերից, որոնք, Ջավախքի հարցը դրոշակ դարձրած, հայաստանյան քաղաքական դաշտում կայանալու խնդիր ունեն, և Ջավախքն էլ որպես նոր թեմա շեշափում են:
«Այսօր շատ բարդ վիճակ է Ջավախքում քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթական առումներով. փակում են հայկական դպրոցներ, կրճատում են հայ մանկավարժների քանակը, դասաժամերի քանակը»,-մանրամասնց Ա. Գաբրիելյանը:
Խորհրդի մյուս անդամը` «Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանն էլ հավելեց` քանի որ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերություններ կան, իրենք ուզում են լրատվամիջոցների միջոցով հաղորդել, որ Հայաստանի Հանրապետությունն այդ բարիդրացիական հարաբերություններն օգտագործի նաև Ջավախքի նկատմամբ` իր ունեցած անտարբեր վերաբերմունքը վերացնելու:
«Եթե իշխանությունը ցանկություն ունենա, ինչ-որ հարցեր լուծում կստանան` գոնե որոշ չափով: Ինչու էին կրճատել դասաժամերը, որ գալիք սեպտեմբերին պետք է նորից ավելացնեն,- ասաց Արտակ Գաբրիելյանը և շարունակեց,- դպրոցների վրա ճնշումների ու վախի մթնոլորտն այն աստիճանի է հասել, որ չեմ կարծում, որ ինչ-որ մի դպրոցում «Հայ ժողովրդի պատմություն» առարկան դասավանդվի»:
Վալերի Արաբյանը նկատել է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները դեպքի գյուղ են շրջվել: Նա հիշեցնում է, որ Ջավախքն էլ գյուղական շրջան է, և Ջավախում գյուղացուն գյուղում պահելու խնդիր կա: Իսկ դրա համար, ըստ բանախոսի, անհրաժեշտ է ներդրումներ կատարել: «ՀՀ կառավարության համար Ջավախքում գյուղատնտեսության զարգացման կամ ներդրումներ կատարելու համար դա ոչինչ է, որ ուզենան կարող են անել: Եվ գյուղացին կմնա գյուղում և չի արտագաղթի»,- նկատում է Վալերի Արաբյանը:
«Եթե կաթողիկոսը գալիս է Թբիլիսի և Ջավախքով չի անցնելու, նրա գալը իմաստ չունի»
«Եթե կաթողիկոսը գալիս է Թբիլիսի և Ջավախքով չի անցնելու, նրա գալը իմաստ չունի, հատկապես, եթե չի բարձրանալու Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցին»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանը:
Մեկնաբանելով կաթողիկոսի նախատեսվելիք այցը Վրաստան` Արտակ Գաբրիելյանը հիշեցրեց, որ Ախալցխայի հայկական կազմակերպությունները դիմել են Գարեգին Բ-ին, որ այցի ընթացքում անպայման բարձրանա Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի: Հիշեցնենք, որ Սուրբ Նշանը Վրաստանի տարածքում վիճելի համարվող եկեղեցիներից մեկն է, և, ինչպես Արտակ Գաբրիելյանը նշեց, վրացականացման շեմին է:
«Հավանաբար կաթողիկոսի այցելության ձգձգման պատճառներից մեկն էլ դա է»,- կարծիք հայտնեց բանախոսը: Արտակ Գաբրիելյանը համոզված է, որ եթե ցանկություն լինի, կաթողիկոսը այցի ընթացքում կարող է որոշ հարցեր լուծել:
«Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանը հավելեց, որ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի օրակարգում է նաև Սամցխե-Ջավախքում առանձին թեմ ունենալը հարցը: Ջավախքում գործող առաջնորդական փոխանորդության հետ հայկական կազմակերպությունները սերտորեն համագործակցում են: Սակայն, ըստ Վալերի Արաբյանի, Ջավախքում առանձին թեմ ունենալը ժողովրդին եկեղեցուն ավելի մոտ գտնվելու հնարավորություն կտա: Նրա խոսքով, հայ բնակչության հիմնական զանգվածը ապրում է Ջավախքում, որտեղ արդեն գործող եկեղեցիներ գրեթե չեն մնացել:
Սամվել Բալասանյանը Ջավախում գարեջրի գործարան է բացում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը Ջավախքում գարեջրի գործարան է բացում: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանը: Սամվել Բալասանյանը վերակառուցում է Ախալքալաքի գարեջրի նախկին գործարանը: Այժմ ընթանում են շենքի վերանորոգման աշխատանքները:
Գարեջրի գործարան բացելու հանգամանքը Արտակ Գաբրիելյանը նշեց որպես Հայաստանի կողմից Ջավախքում ներդրումներ կատարելու լավ օրինակ, բայց հավելեց, որ անհրաժեշտ է պետական հստակ քաղաքականություն, ինչը Վրաստանին և ամբողջ աշխարհին ցույց կտա, որ Հայաստանը` որպես Մայր Հայրենիք, շահագրգռվածություն ունի տվյալ տարածքի և տվյալ ժողովրդի հանդեպ:
Քրիստինե Աղալարյան
Hetq.am
Ջավախահայությունը մեծ հույսեր է կապում Ամենայն Հայոց կաթողիկոսի` Վրաստան կատարելիք այցի հետ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջավախահայության նպատակը Հայ առաքելական եկեղեցու Ջավախքի թեմ ստեղծելն է, որը կնպաստի բնակչության` եկեղեցուն ավելի մոտ լինելուն, հայապապահպանությանը: Այսօր հրավիրված ասուլիսում նշեց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանը` հավելելով, որ Ջավախքում այսօր գործում է Առաջնորդական փոխանորդություն, որն օժանդակում է երկու եկեղեցիներին, «սակայն դա բավական չէ հայ եւ վրաց եկեղեցիների միջեւ հարցերը քննարկելու եւ դրանց համապատասխան լուծումներ տալու համար»:
Առաջիկայում սպասվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը Վրաստան: Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանի խոսքով` կաթողիկոսն անպայման պետք է այցելի նաեւ Ջավախք: «Կաթողիկոսի ուշադրության կենտրոնում պետք է լինի Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցին, որն այսօր կանգնած է վրացականացման շեմին»,- ասաց Ա. Գաբրիելյանը: Ըստ նրա` Վեհափառի` Վրաստան կատարելիք այցը կարող է դրական տեղաշարժեր առաջացնել տեղի հայկական եկեղեցիների շուրջ առկա հիմնախնդրիների լուծման գործում:
Ա. Գաբրիելյանը նկատեց, որ այս հարցում որոշ տեղաշարժեր են նկատվում: «Վրաստանի որոշ փորձագետներ եւս սկսել են խոսել այն մասին, որ հայ-վրացական եկեղեցիները` լինելով եղբայրական, պետք է հստակ կարգավիճակ ունենան, եւ հայկական եկեղեցուն իրավական կարգավիճակ տրվի Վրաստանում»,- ասաց Ա. Գաբրիելյանը: