ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ԱՇՈՒՂ ԱԼԻՔ-ՋԱՎԱԽՔԻ 70-ԱՄՅԱԿԻՆ

2020թ. հունվարի 26-ին Ախալքալաքի << Ջավախք >> հանդիսությունների սրահում, Վրաստանի Հայ Կրթական ու Մշակութային Միության ( Համազգային) նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, անցկացվեց մեծարման ցերեկույթ`նվիրված աշուղ Ալիք –Ջավախքի ծննդյան 70- ամյակին:

Ցերեկույթին ներկա էին Հայաստանի ու Վրաստանի տարբեր շրջաններից հրավիրյալներ: Ներկա էին Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, քահանաներ, Վրաստանի Ազգային Ժողովի անդամ Հենզել Մկոյանը, Ախալքալաքի ու Նինոծմինդայի շրջանների տեղական ինքնակառավարման մարմիններ, կրթօջախների, թանգարանների, հասարակական կազմակերպությունների, մշակույթի տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, <<Ջավախքին օժանդակություն>> հիմնադրամի Վրաստանի գրասենյակի պատասխանատու Գուրգեն Եզոյանը, աշուղի հարազատներ, բարեկամներ, ընկերներ:

Ցերեկույթն սկսվեց Հոգեշնորհ Հայր Սուրբի տերունական աղոթքով, որից հետո ցերեկույթի հանդիսավարները, ներկայացնելով Ջավախքում աշուղական արվեստի անցյալն ու ներկան, նրա երախտավորներին, սրահ հրավիրեցին Աշուղ Ալիք- Ջավախքին: Ներկայացվեց աշուղի անցած ուղին, նրա գործունեությունը, որն ուղեկցվում էր աշուղի երգերի կատարումներով, որոնք ներկայացնում էին արդեն Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ` նրա աշակերտները , Ախալքալաքի աշուղական դպրոցի սաները: Աշուղի հոբելյանական ցերեկույթն իր ներկայությամբ պատվել էր ծնունդով ջավախքցի աշուղ Լեյլին, որը աշուղին նվիրեց իր հեղինակային << Տաղարանը>> և հանդիսատեսին գերեց Ջավախքին նվիրված իր երգի կատարմամբ: Հանդիսատեսի բուռն ծափողջույնին արժանացավ նաև <<Նուբար>> հայ ավանդական երգի-պարի խմբի ղեկավար, ՀՀ Հանրային ռադիոյի երաժշտական ծրագրերի հեղինակ, ծագումով ջավախքցի, Լուսինե Նազարյանի հոգեզմայլ երգի կատարումը:

Աշուղ Ալիք-Ջավախքին իրենց շնորհավորական խոսքերը հղեցին Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների տեղական ինքնակառավարման մարմիններ, գրողներ, նկարիչներ` հանձնելով նվերներ: Յուրահատուկ նվեր էին պատրաստել Նինոծմինդայի Երտասարդական Կրթամշակութային Կենտրոնի փոքրիկ գորգագործները`աշուղի դիմանկարով և Դադեշ գյուղի բնակիչ, գորգագործ Օֆելյա Իսպիրյանը` Աստվածամոր պատկերով գորգեր: ՋԱՀ-ի շնորհավորանքը աշուղին ` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Վ.Փիլոյանի երգի կատարումն էր:

Նրանք, ովքեր չէին կարողացել մասնակցել մեծարման ցերեկույթին (Վիրահայոց թեմ, Համազգային հայ կրթական ու մշակութային միություն և այլ կառույցներ), ուղարկել էին շնորհավորական ուղերձներ, իսկ <<Սայաթ-Նովա>> մշակութային միության նախագահ, <<Սայաթ- Նովա>>աշուղական երգի անսամբլի ղեկավար Թովմաս Պողոսյանի շնորհավորանքը ներկայացվեց տեսանյութով: Ցերեկույթն ամփոփեց Աշուղ Ալիք-Ջավախքը՝ ներկայացնելով իր հետագա ծրագրերը Ջավախքի մշակութային բնագավառում, շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, երախտիքի ու շնորհակալական խոսք հղեց Վրաստանի հայ կրթական ու մշակութային միությանը` անմոռանալի ու պատմական նվիրական ժամանակ պարգևելու, մեծարման ու արժևորման համար: Հանդիսությունն ավարտվեց աշուղի ղեկավարած <<Ջավախք>> ազգագրական երգի-պարի համույթի տղաների` <<Յարխուշտա >> խրոխտ պարով:

Հանդիսությունը շարունակվեց ջերմ ու անկեղծ միջավայրում՝ հյուրասիրության սեղանի շուրջ:

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ