Մարտի 20-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնը հյուրընկալեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռուբեն Սադոյանին, դեսպանատան աշխատակազմին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, Վրաստանի խորհրդարանի անդամներ Հենզել Մկոյանին և Սամվել Մանուկյանին, Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյանին, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանին, Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին:
Կենտրոնի մանկավարժական անձնակազմը և աշակերտները հյուրերին դիմավորեցին աղ ու հացով: Հանդիպմանը ներկա էին նաև Ախալքալաքի ԵԿ-ի Պատանեկան և “Զորի Զորյան” Երիտասարդական Միությունների անդամները: Հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնի երկու մասնաշենքերով: ԵԿ-ի համերգային դահլիճում ՎՀՕՄ-ի Վարչության ատենապետուհի, ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց ՎՀՕՄ-ի Միավորի, ՀՕՄ-ի Ջավախքի Օժանդակության Ծրագրերի Հանձնախմբի համատեղ գործունեությունը Վրաստանում՝ առանձնապես կարևորելով Ախալքալաքի,Ախալցխայի և Նինոծմինդայի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնների գործունեությունը: Դրան հաջորդեց ԱԵԿ-ի սաների գեղարվեստական կատարումները:
Դեսպանն իր ելույթում ողջունեց ներկաներին, բարձր գնահատեց երիտասարդական կենտրոնի 10-ամյա գործունեությունը և հանձնեց Վրաստանում ՀՀ դեսպանության շնորհավորական ուղերձը: Պարոն Սադոյանը ներկայացնելով դեսպանատան գործունեությունը՝ կարևորեց հայ-վրացական բարեկամական հարաբերությունները և խոստացավ դեսպանատան աջակցությունն ու մշտական կապը ջավախահայության հետ: Հարց ու պատասխանի բաժնում սիրով պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, Ախալքալաքի Եկ-ի նիստերի դահլիճում հյուրերի համար կազմակերպվեց հյուրասիրություն:
ttps://www.facebook.com/100022647645366/posts/199361744162079?sfns=mo