Սեպտեմբերի 30-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Գումբուդո գյուղում եկեղեցու շուրջ գրանցված միջադեպի, հայաբնակ գյուղում տեղակայված եկեղեցում խաչքար-տապանաքար դնելու մասին որոշման, աշխատանքային խմբի, ընթացքի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:
– Սրբազա՛ն Հայր, Գումբուրդոյի միջադեպից հետո տեղի մամուլը գրեց, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկել և եկել է համաձայնության, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքները վերջացնելուց հետո՝ 3 տարի անց, ոսկորները կթաղվեն եկեղեցու բակում և կտեղադրվի խաչքար-տապանաքար: Դուք նախկինում հայտարարել էիք, որ ոչ մի որոշում առանց գյուղի բնակչության համաձայնության չի կայացվելու: Սա հստա՞կ որոշում է, և արդյո՞ք համաձայն է բնակչությունը դրա հետ:
– Այս պահին գործընթացը շարունակվում է, և երբ օրեր առաջ Գումբուրդոյում էինք և ժողովրդի հետ հանդիպում եղավ, ակտիվ գործիչները ներկա էին և բոլորն իրենց համաձայնությունը տվեցին: Աշխատանքային խմբի անունից այդ որոշման բանավոր տարբերակը փոխանցել եմ ժողովրդին, դա աշխատանքային խումբը պետք է գրավոր ձևակերպի, կնքվի եռակողմ՝ պատրիարքարանի, պետական ապարատի և Վիրահայոց թեմի կողմից, որից հետո աշխատանքային խումբը կայցելի գյուղ, գրավոր որոշումը կներկայացնի, կքննարկեն, դրանից հետո ծրագիրը կյանքի կկոչվի:
-Իսկ ի՞նչ է նախատեսվում ծրագրով, քանի որ աճյունները եկեղեցու բակում թողնելու կամ վերահուղարկավորելու խնդիր կա:
-Հարցեր կան, օրինակ թե աճյունները որտեղ կամփոփվեն ժամանակավոր և այլն: Ուղղակի այս պահի դրությամբ աշխատանքային խմբի մեծամասնությունը Վրաստանում չէ, սպասում ենք, որ վերադառնան և գործընթացը հասցնեն ավարտին՝ բնակիչների հետ համաձայնության գալով:
http://www.tert.am/am/news/2017/10/18/mirzakhanyan/2515133