Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող, «Ա-ինֆո» գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանը Ջավախքից mardik.am-ի խնդրանքով անդրադարձել է Վրաստանի ընտրություններին:
«Կարծում եմ` Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը դրական ազդեցություն կունենա ընդհանրապես թե՛ երկրի զարգացման, և թե՛ ազգային փոքրամասնությունների` մասնավորապես ջավախահայության վրա: Ելնելով արդեն իշխանության առաջնորդի նախընտրական ելույթներից , հատակապես Ախալքալաքում արտահայտած այն մտքերից , որ վրացերենը պետք է սովորել առանց վնասելու մայրենին` հայոց լեզուն , և առավելևս, որ իր կողմից հավանության է արժանացել հայ-վրացական համատեղ պետական համալսարանի ստեղծումը Ջավախքում, նաև շատ ու շատ սոցիալական, գյուղատնտեսական , աշխատատեղերի բացման վերաբերյալ արտահայտությունները, ջավախցիների համար դրական առումով շատ խոստումնալից են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հաղթանակած կուսակցության ավելի ազգայնական լինելու վերաբերյալ խոսակցություններին, Արտակ Գաբրիելյանը նշեց. «Դրանք ընդամենը խոսակցություններ են, բայց չի բացառվում, որ լինեն ավելի ազգայնական, սակայն չեմ էլ կարծում, որ ազգայնականությունն իրենից վտանգ է ներկայացնում: Համենայնդեպս իշխանության ներկայացրած նոր կառավարության անդամների թեկնածուների հայտարարությունները, որ Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ էական բան չի փոխվելու և իրենք ձգտելու են նորից դեպի եվրոպական արժեքներ, կարծում եմ՝ այդ առումով ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականություն այլևս չի լինի: Նախընտրական շրջանում ապացուցվեց, որ Ջավախքում կան ճնշումներ և այդ իսկ պատճառով է, որ իշխանությունն այստեղ հաղթանակել է, և չեմ կարծում, որ քաղաքական գործիչն այդ ամենը չի հասկանում և այդ առումով «վրեժխնդիր» է լինելու հայերից»,-ասաց նա: