Ինչո՞ւ են հայերը վախեցած Ջավախքում

Վրաստանում հոկտեմբերին սպավող խորհրդարանական ընտրություններից դեռ ամիսներ առաջ Վրաստանում խիստ լարված իրավիճակ է: Իշխանությունները ոչ միայն ամեն կերպ փորձում են խոչընդոտել ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի գործունեությունը` զրկելով քաղաքացիությունից ու կալանք դնելով վերջինիս սեփականության վրա, այլև կոշտ ճնշումներ են բանեցնում ու ահաբեկում են Իվանիշվիլիի թիմակիցներին ու համակիրներին, հեռացնում են աշխատանքից կամ նրանց դեմ քրեական գործ է հարուցում: Այս տարվա մայիսի 27-ին քրեական գործ էր հարուցվել նաև Ջավախքից մինչև 2008թ-ը 2 անգամ անընդմեջ պատգամավոր ընտրված հայազգի Մելիք Ռաիսյանի նկատմամբ այն բանից հետո, երբ նա Թբիլիսիում իրեն պատկանող շենքը վաճառեց Իվանիշվիլիին ու փորձեց Ջավախքում Իվանիշվիլիի շտաբ բացել: Նրան մեղադրանք ներկայացվեց Վրաստանի ՔՕ 180-րդ հոդվածով իբր խարդախության համար ու հետախուզում հայտարարվեց, ապա կրկին սարքովի մեղադրանքով ձերբակալվեց նրա նախկին վարորդ, ակտիվիստ Գեորգի Մխչյանը փաստաթղթերը կեղծելու համար: Վերջինս էլ անդամագրվել էր «Վրացական երազանք» կուսակցությանը:

Վրացական ոստիկանությունը, ըստ «Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանի, նաև ամեն կերպ խոչընդոտել է ու մի շարք վրացահայ ակտիվիստների թույլ չի տվել գալ Թբիլիսիի ու մասնակցել Իվանիշվիլիի հետ հանդիպմանը, որի ընթացքում հայ համայքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել ընդդիմադիր առաջնորդին: Ավելին, միակ շրջանը, որտեղ շատ լուրջ դժվարություններ են եղել ընդդիմադիր կոալիցիայի նախընտրական շտաբ բացելու հարցում, կրկին Ջավախքն է եղել: Ի տարբերություն Վրաստանի մյուս 72 շրջանների` Ջավախքում Իվանիշվիլիի շտաբի բացումը թույլ չտալու համար ոստիկանությունը փակել է փողոցները, գրավ դրել վարձակալված շինությունը, անգամ վախեցրել տեխնիկական աշխատողներին, որ հրաժարվեն շտաբում աշխատելուց: Ու չնայած մեծ դժվարություններով, ի վերջո, Ջավախքում շտաբը բացվել է, սակայն հայ բնակչության շրջանում նկատելի տեղաշարժեր չկան քաղաքական ակտիվության տեսանկյունից:

Ընդդիմադիր առաջնորդ Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի բնակչության շրջանում լուրջ շրջադարձ է տեղի ունեցել, մարդիկ այլևս չեն վախենում իրենց իրական կարծիքը հայտնել Սահակաշվիլիի ռեժիմի մասին: Իվանիշվիլիի խոսքերով`նույնիսկ Սամգրելո շրջանում, որը համարվում է ներկայիս իշխանությունների քաղաքական հենակետը, ընդդիմադիր կոալիցիային, ըստ անցկացված հարցումների, աջակցում է բնակչության մոտ 60 տոկոսը, իսկ միակ վայրը, որտեղ բեկում տեղի չի ունեցել, շրջաններն են, որտեղ կոմպակտ ձևով հայեր են ապրում. «Ամենադժվար իրավիճակը Ախալքալաքում, Ծալկայում և հայաբնակ այլ շրջաններում է, քանի որ հայերը շատ վախեցած են: Սակայն ես հույս ունեմ, որ այստեղ էլ բեկում կլինի»:

Այլ կերպ ասած մի քանի տարի առաջ ամենակտիվ էթնիկ խմբերից մեկը`հայերը, վերածվել են Վրաստանի բնակչության քաղաքականապես ամենապասիվ հատվածին: Վրաստանի իշխանությունները վերջին տարիներին արեցին ամեն ինչ հայ բնակչության քաղաքական ակտիվությունը կոտրելու ու հասարակական-քաղաքական գործընթացներից դուրս մղելու համար, իսկ ակտիվիստ Վահագն Չախալյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Եվ հայերի պասիվությունը հնարավոր չէ պայմանավորել իրենց ներկայիս գոնե բավարար սոցիալ-տնտեսական վիճակով, քանի որ հայերին քաղաքականապես ահաբեկելուց զատ Վրաստանի իշխանությունների գործուն աջակցությամբ հայաբնակ Ջավախքում թուրքերի ու ադրբեջանցիների տնտեսական առաջախաղացման պատճառով Ջավախքը հայաթափվում է, տեղի հայերը աշխատանք չունենալով` ստիպված լքում են Ջավախքը, ու հայկական այս բնակավայրը կամաց-կամաց սեղմվում է թուրք-ադրբեջանական օղակում:

Ընդ որում, ըստ Իվանիշվիլիի ադրբեջանաբնակ գյուղերում իրավիճակն այլ է. «Ժողովուրդն արթնացել է, և ադրբեջանաբնակ գյուղերում իշխանությունների նկատմամբ առկա է նույն ագրեսիան, ինչ վրացաբնակ շրջաններում»,- հայտարարել է նա: Այսինքն աստիճանաբար իրենց դիրքերն ամրապնդելով հարևան Վրաստանում` ադրբեջանցիները ընդդիմանում են վրացական իշխանություններին: Իսկ սա չի կարող տեղի ունենալ, եթե լուրջ աջակցություն չլինի հենց Ադրբեջանի իշխանությունների կողմից, հատկապես որ ադրբեջանաբնակ Բորչալուի վարչական համակարգում մեծամասամբ աշխատում են վրացիներ: Ադրբեջանը գնում է նման քայլի`հասկանալով, որ ամուր դիրքեր ու մեջք ունեցող համայնքը շատ կարևոր գործոն է հարևան պետության հետ հարաբերությունների կառուցման ու ինչու չէ նաև կենսական հարցերում ճնշում գործադրելու համար: Ու սա այն պարագայում, երբ Վրաստանը իր Ազգային անվտանգության դոկտրինում Ադրբեջանին սահմանել է որպես իր ռազմավարական գործընկեր:

Իսկ Հայաստանի հետ հարաբերությունները նույն փաստաթղթում ներկայացված են ընդամենը որպես սերտ գործընկերություն այն դեպքում, երբ կողմերը պաշտոնական հանդիպումների ժամանակ իրար հավերժ բարեկամության երդումներ են տալիս: Սակայն, ըստ էության, ներկայումս հայ-վրացական հարաբերություններն ընդամենը համաձայնություն են Վրաստանի տարածքով Հայաստան մտնող բեռների մասին: Պատահական չէ, որ վերջին տարիների ամենանշանակալի ձեռքբերումը, որ շեշտադրվեց մեր իշխանությունների կողմից Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումն էր, որը հնարավորություն կտա Հայաստանն ուղղակիորեն կապել վրացական նավահանգիստներին: Իսկ Ջավախքն հայ-վրացական հարաբերություններում աստիճանաբար դադարում է որևէ նշանակություն ունենալ ու կտրվում է Հայաստանից.անգամ հայերեն գրքեր թույլ չեն տալիս անցկացնել հայ-վրացական սահմանով: Իսկ պայմաններում, երբ ջավախահայությունը չի զգում իր մեջքին Հայաստանի իշխանությունների աջակցությունը, չի կարող ոտքի ելնել պաշտպանելու իր իրավունքներն ու դիմակայելու Ջավախքը հայաթափելու վրացա-ադրբեջանա-թուրքական փորձերին: Ու սա այն պարագայում, երբ Ջավախքի թրքացումը առաջին հերթին ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ խնդիր է հենց Հայաստանի համար: Ավելին, օրերս Սամցխե-Ջավախք տարածաշրջանում նոր նահանգապետ է նշանակվել Իվանե Ցիկլաուրին, ով նախկինում ղեկավարել Ջավախքի ոստիկանության գլխավոր վարչությունը։ Նա հայտնի է ջավախահայերի շրջանում իր ապօրինի ու բռնի գործողություններով, հետևաբար նրա նահանգապետ դառնալը նշանակում է, որ Ջավախքում հայերի նկատմամբ ճնշումները միայն նոր թափ են առնելու:

Աստղիկ Խաչատրյան
Zham.am

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ