Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է վրաց իշխանությունների կողմից Ջավախքում նախաձեռնած քաղաքական հալածանքների նոր ալիքը և, մասնավորապես, Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Մելիք Ռաիսյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացվող քրեական հետապնդումը։
Վրաց իշխանությունների այս գործողությունները տեղի են ունենում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին և ուղղված են ընդդիմադիր հայացքներ ունեցող ջավախքահայ գործիչների և ակտիվիստների դեմ։ Պարզ է, որ այս գործողությունները նպատակն են հետապնդում ահաբեկել ջավախքահայությունը և հերթական անգամ ընտրակեղծիքների միջոցով հօգուտ իշխող կուսակցության կանխորոշել ընտրությունների արդյունքները։ Ուստի, վրաց իշխանությունները այս գործելաոճով կոպտորեն ոտնահարում են ջավախքահայության մի շարք տարրական քաղաքական իրավունքներ, այդ թվում` Վրաստանի հասարակական–քաղաքական գործընթացներին մասնակցելու և ազատ ու արդար ընտրությունների միջոցով իրենց քաղաքական կամքն արտահայտելու իրավունքը։
Հաշվի առնելով վերոնշյալը` Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը պահանջում է վրացական իշխանություններից`
- – Նախընտրական այս շրջանում զերծ մնալ ընդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ բոլոր տեսակի հետապնդումներից,
- – Ջավախքում և Վրաստանի ամբողջ տարածքում պայմաններ ապահովել ազատ և արդար ընտրությունների անցկացման և դրանցում ջավախքահայության շահերը ներկայացնող տարբեր հասարակական-քաղաքական ուժերի մասնակցության համար,
- – Անհապաղ դադարեցնել Մելիք Ռաիսյանի և նրա կողմնակիցների նկատմամբ հետապնդումները, չհարուցել խոչընդոտներ նրանց հետագա քաղաքական գործունեության համար,
- – Անհապաղ ազատ արձակել շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին, փոխհատուցել ապօրինի ազատազրկման տարիներին նրա և նրա ընտանիքի կրած բոլոր վնասները,
- – Ձեռնարկել գործուն քայլեր` ուղղված ջավախքահայության և վրացահայության հասարակական–քաղաքական, լեզվա–կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը։
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում Վրաստանի ընդդիմադիր ուժերին առավել ակտիվ կերպով անդրադառնալ ջավախքահայությանը հուզող վերոնշյալ խնդիրներին, այդ թվում` դրանք ընդգրկելով իրենց նախընտրական ծրագրերում։
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը նաև կոչ է ուղղում համապատասխան միջազգային կառույցներին և Վրաստանի գործընկեր պետություններին անհապաղ և գործնական միջոցներ ձեռնարկել ջավախքահայ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու, ինչպես նաև հայաբնակ Ջավախքում և Վրաստանի այլ տարածքներում ազատ և մրցակցային ընտրական միջավայր ապահովելու ուղղությամբ։
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ
Ախալքալաք–Երևան,
04 հուլիսի 2012թ.
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը ստեղծվել է 2009 թ. դեկտեմբերին: Այն միավորում է ջավախքահայության և վրացահայության խնդիրներով մտահոգ մի շարք հասարակական կազմակերպություններ: Դրանք են` «Ջավախք» հայրենակցական միությունը (Շիրակ Թորոսյան, Երևան), «Վիրք» կուսակցությունը (Դավիթ Ռստակյան, Ախալքալաք), «Ջավախք» ժողովրդական շարժում» կազմակերպությունը (Նորիկ Կարապետյան, Ախալքալաք), «Ռուսաստանի ջավախքահայերի համայնք» կազմակերպությունը (Աղասի Արաբյան, Մոսկվա) և Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» ՀԿ միությունը (Սևակ Արծրունի, Երևան):
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հիմնական նպատակներն են.
– ջավախքահայության առջև ծառացած քաղաքական, լեզվական, կրոնական, կրթական, մշակութային և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հետապնդումը,
– ջավախքահայության իրավունքների պաշտպանության խնդիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելը,
– ջավախքահայության հիմնախնդիրների լուծմանն ուղղված համայն հայության ջանքերի ակտիվացումը: