Վրաստանի վարչապետի փոփոխությունը կարող է անդրադառնալ Ջավախքի վրա. Շիրակ Թորոսյան

Աշնանը Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություննե, և այդ ընտրություններին ընդառաջ որոշակի քաղաքական ակտիվություն է նկատվում Վրաստանում, որը այս կամ այն չափով անդրադառնում է Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքի վրա: Այսպես է կարծում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Նա ստեղծված իրավիճակում նոր սրացում է նկատում Ջավախքում և տեղի ունեցած ձերբակալությունն ու Մելիք Ռաիսյանի նկատմամբ հետապնդումը կապում ներքաղաքական խնդիրների հետ:

Շիրակ Թորոսյանը հիշեցնում է վերջին երկու դեպքը. Մ. Ռաիսյանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու կուսակցության կազմում երկու անգամ պատգամավոր է ընտրվել, սակայն վերջին շրջանում կողմնորոշվել է դեպի վրացական ընդդիմությունը: Ավելին` պատրաստվում էր ղեկավարել ընդդիմության Ջավախքի շտաբը: Մելիք Ռաիսյանն այսուհետ չի կարող մուտք գործել Ջավախք, որովհետև, պատգամավորի բնորոշմամբ, դամոկլյան սրի նման նրա գլխին կախված է ձերբակալման վտանգը: Գեորգի Մխչյանին ու Մելիք Ռաիսյանին նույն գործի շրջանակներում են հետապնդում` 2002թ.-ին Կենցաղի տան մասնավորեցման համար:

«Մտահոգիչն այն է, որ 2000-ականների սկզբներին տեղի ունեցած գործարքները բարձրաձայնվում են հենց այսօր, հենց այն պահին, երբ այդ մարդիկ ընդդիմադիր կեցվածք են դրսևորել, և այդ շենքը տրամադրել են վրացական ընդդիմությանը որպես շտաբ, որպես գրասենյակ»,- ասաց Շիրակ Թորոսյանը:

Լրագրողներից մեկի «ինչ պետք է անել» հարցին Շիրակ Թորոսյանը պատասխանեց: «Պետք է լուրջ քայլեր ձեռնարկել’ ընդդիմանալու վրացական իշխանությունների նմանատիպ վարքագծին, այլապես եթե մենք չենք բարձրաձայնում, չենք ընդվզում, չենք բողոքում, կարող են դրանք շարունակական լինել, ինչն ավելի է սրելու վիճակը Ջավախքում և ավելի է խորացնելու անվստահության մթնոլորտը Ջավախի ժողովրդի և իշխանությունների միջև»:

Իսկ անձամբ ինքն ու իր համախոհները հորդորոլու են վրացական իշխանություններին ձեռնպահ մնալ նմանատիպ քայլերից, հորդորելու են ջավախքցիներին, որպեսզի խելամտություն և կամք ցուցաբերեն և իրենց վարքագծով կարողանան հասնել նրան, որ նմանատիպ երևույնթեր տեղի չունենան Ջավախքում, հորդորելու են նաև Հայաստանի իշխանություններին, որպեսզի բանակցային գործընթացներում անդրադարձ կատարեն այս խնդիրներին և առաջարկեն ավելի կառուցողական դաշտում հարաբերվել, հորդորելու են նաև միջազգային կառույցներին, որպեսզի նրանք ճնշում գործադրեն Վրաստանի իշխանությունների վրա’ ձեռնպահ մնալու ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում քաղաքական հետապնդումներից:

Շիրակ Թորոսյանի գնահատմամբ, Վրաստանի վարչապետի փոփոխությունը կարող է անդրադառնալ Ջավախքի հիմնախնդիրների վրա, քանզի նոր վարչապետ Վանո Մերաբիշվիլին ուժեղ անձնավորություն է, Վրաստանում հաջողված բարեփոխումները հենց նրա հետ են կապում:

«Իհարկե ես չէի ասի, որ նա աչքի է ընկել Ջավախքի հիմնախդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկած կոնկրետ քայլերով, ես կասեի` նույնիսկ հակառակը, բայց քանի որ նա ուժեղ անձնավորություն է և բարեփոխումների մեծ փորձ ունի, հատկապես, եթե քաղաքական կամք է պատրաստվում կիրառել, ապա կարծում եմ, որ Ջավախքի համար ևս նպաստավոր պայմաններ կարող են ստեղծվել, եթե նա ցանկանա քաղաքական կամք կիրառել և փորձել նպաստել առկա հիմնախնդիրների լուծմանը»,- ասաց Շ. Թորոսյանը:

Ջավախքյան կազմակերպությունները Հասմիկ Պողոսյանին առաջարկում են Տերյանի և Ջիվանու տոները մտցնել պետական տոների մեջ

Օրերս «Ջավախք» հայրենակցական միությանը, 5 կազմակերպության հետ համատեղ, նամակ է ուղարկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին’ առաջարկելով Ջավախքում անցկացվող Տերյանի պոեզիայի և Ջիվանու երգի տոնակատարությունները ներառել պետության կողմից կազմակերպվող մշակութային միջոցառումների ծրագրի մեջ և այս հարցով բանակցել Վրաստանի գործընկերոջ հետ:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը’ նշելով, որ իրենց պահանջը կառուցված է կառավարության ծրագրի դրույթի հիման վրա:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ ԱԺ-ն հաստատեց կառավարության ծրագիրը, որտեղ ամրագրված է, որ «կառավարությունը շարունակելու է վիրահայության, այդ թվում Ջավախքի հայկական համայնքների հայապահպանությանը, մայրենի լեզվի պահպանության աջակցության ծրագրերի իրականացումը»: Այս կետը «Ջավախք» հայրենակցական միության նախագահը լուրջ քայլ է համարում:

«Թերևս առաջին անգամ Հայաստանի կառավարության ծրագրերում առանձին կետով Ջավախքի կրթամշակութային ոլորտի աջակցմանը միտված կետ կա, և ես կարծում եմ, որ այս կետը մենք պետք է բացենք և իր առավելագույն հնարավորություններով օգտագործենք Ջավախքի կրթամշակութային կյանքի կազմակերպման համար»,- ասաց Շիրակ Թորոսյանը:

Ջավախքում բազմաթիվ կրթամշակութային միջոցառումների կազմեկերպումը կապված են ջավախքցի մեծանուն գործիչների անվան հետ: Դրանց շարքում են նաև Տերյանի պոեզիայի և Ջիվանու երգի տոնները: Չնայած ամեն տարի էլ Ջավախքում նշվում են այս տոները, այնուամենայնիվ, Շիրակ Թորոսյանը կարծում է, որ դրանք մնում են հասարակական մակարդակի վրա, մինչդեռ անհրաժեշտ է պետական լուրջ մոտեցում և պետության կողմից աջակցություն նմանատիպ ծրագրերին:

Պատգամավորի խոսքով, մշակութային միջոցառումները նպաստելու են թե հայերենի, թե մշակութային կյանքի պահպանմանն ու զարգացմանը և թե հայապահպանությանն ընդհանրապես: Շիրակ Թորսյանը նշեց, որ անցյալ տարի տերյանական միջոցառումը իրականացվել է ռուսերենով, ինչը կապված է Ջավախքում գոյություն ունեցող լեզվական խնդրի հետ:

«Վրաստանում ռուսերենը կարելի է ասել կիսապաշտոնապես արգելված լեզու է, բայց ռուսերենով է վարվում մի միջոցառում, որը նվիրված է հայ մեծանուն պոետին. պոետ, ում բանաստեղծություններն ու պոեզիան հայոց ոսկեղենիկ լեզվին մեծ հարստություն են ավելացրել»,- ասաց Շ. Թորոսյանը:

Շիրակ Թորոսյանը հիշում է Տերյանի ծննդավայր Գանձայում (որը նաև պատգամավորի ծննդավայրն է) կազմակերպված տերյանական օրը, երբ բարձր մակարդակի պատվիրակություն էր ժամանում Թբիլիսիից ու Երևանից: «Սա շատ կարևոր է Ջավախքի ժողովրդի համար, որ նրանք տեսնեն, որ այն բարձրագոչ հայտարարությունները հայ-վրացական ջերմ բարեկամության, գործընկերության վերաբերյալ առարկայական բնույթ են ստանում այն ժամանակ, երբ այդ երկրների բարձրաստիճան ղեկավարները միասին ներկա են լինում Ջավախքում անցկացվող տոնակատարություններին, և ոչ միայն ներկա են լինում, այլ հանդես են գալիս կազմակերպչի դերում»,- ամփոփեց Շիրակ Թորոսյանը:

Շիրակ Թորոսյանին պատժել են

ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջավախք» հայրենակացական միության նախագահ Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստան շարունակում է արգելված մնալ: Վրացական իշխանությունների այս որոշումը ծնունդով ջավախքցի պատգամավորը սխալ, ծիծաղելի և անհեթեթ է համարում:

«Վրացական իշխանությունները և նրանց կամակատար ջավախքյան որոշակի իշխանության ներկայացուցիչներ իմ կերպարից մի վտանգավոր տարրի կերպար են ստեղծել, դոնկիխոտյան վարքագիծ են դրսևորում, իբր պայքարում են, ինձ չեն թողնում, և Ջավախքի տեղական իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են այս կերպ հերոսանալ վրաց իշխանությունների առջև, իսկ վրաց իշխանությունները փորձում են հերոսանալ վրաց ժողովրդի առջև, բայց իրականում սա շատ ծիծաղելի է և անհեթեթ»,- հայտարարեց Շիրակ Թորոսյանը այսօր կայացած մամուլի ասուլիսին:

Պատգամավոր Թորոսյանը կարծում է, որ իր մուտքը արգելելու պատճառն այն է, որ կան անթույլատրելի երևույթներ, որոնք չպիտի լինեն, բայց լինում են Ջավախքում, և իրենք բարձրաձայնում են այդ մասին, իսկ ճշմարտությունը լսելը որոշ մարդկանց համար հաճելի չէ, և որպեսզի խուսափեն ճշմարտությունը լսելուց և ջավախքցիների հետ Շիրակ Թորոսյանի ուղիղ շփումներից, արգելել են մուտքը:

«Դրանով նրանք իսկապես պատժել են միայն ինձ’ ինձ զրկելով հայրական տնից, հայրական տան ջերմությունից ու հայրենիքից, կարոտի ահռելի զգացում առաջացնելով իմ մեջ, բայց մնացած պարագաներում ես միշտ շփվում եմ, ջավախքից եկածների ստվար մասն անպայման մտնում է մեր գրասենյակ իրենց տարբեր խնդիրներով, այսինքն’ ուղիղ շփումը շարունակվում է»,- ասում է պատգամավորը և թվարկում այսօրվա տեխնիկական պայմանները’ հեռախոսը, համացանցը և այլնը, որոնք հնարավորություն են տալիս մշտապես կապի մեջ լինել:

Նոր բիզնես նախագիծ` Ջավախքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար

Ջավախքում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և աշխատատեղերի ստեղծման նպատակով «Ջավախք» հայրենակցական միությանը ձեռնամուխ է եղել սոցիալ-տնտեսական բիզնես-ծրագրեր իրականացնելու գործընթացին:

Արդեն իսկ բանակցում են ծագումով ջավախքցի գործարարների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Նրանց ներկայացվել են կոնկրետ բիզնես ծրագրեր և առաջարկվել ներդրում կատարել Ջավախքում’ ստեղծելով աշխատատեղեր և մեղմելով սոցիալ-տնտեսական լարվածությունը:

«Սոցիալ-տնտեսական լարումը Ջավախքում հատկապես իր գագաթնակետին է հասել այն ժամանակ, երբ ռուսական ռազմաբազան 2007-ին դուրս եկավ Ջավախքից, շատ աշխատատեղեր կրճատվեցին, և չնայած Վրաստանի նախագահ Սահակաշվիլին հայտարարել էր, որ հատուցելու են աշխատատեղերի պակասը’ բանակի մթերումները հենց Ջավախքից իրականացնելով, սակայն այդպես էլ իրականություն չդարձավ»,- ասում է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Բիզնես-ծրագրերը վերաբերում են հիմնականում գյուղատնտնեսական ապրանքների մշակմանը, քանի որ Ջավախքը համարվում է էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրության տարածաշրջան:

Շիրակ Թորոսյանը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին Ջավախքի մսամթերքն ու կաթնամթերքը հատուկ ուղարկվել են Մոսկվա’ կոմունիստական իշխանություններին, իսկ ջավախքյան պանրի տեսակները տիեզերագնացների օրապահիկի մաս է կազմել, հետևաբար իրենք կաթնամթերքի ու մսամթերքի, ինչպես նաև կարտոֆիլի, բնական մաքուր ջրերի արտադրության ու վերամշակման ծրագրեր են առաջարկել: Որոշակի բիզնես-ծրագրեր առաջարկել են նաև շինանյութի արտադրության ոլորտում, քանի որ Ջավախքը հարուստ է, օրինակ, բազալտով, ավազով և պեմզայով:

Ներկայացված առաջարկները շատ գործարարների է հետաքրքրել: Նրանք սկսել են ուսումնասիրել առաջարկները: Այս տարվա աշնանը նախատեսվում է մեծ բիզնես-ֆորում կազմակերպել Ջավախքում ծնունդով ջավախքցի (և ոչ միայն) գործարարների համար, որտեղ վերջնականապես կամփոփվեն բոլոր առաջարկներն ու հետաքրքրությունները:

Քրիստինե Աղալարյան
hetq.am

Aravot.am Հայ օլիգարխների վրաստանյան բիզնեսների մասին

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ