«Նոր Յառաջ»ի հարցազրոյցը՝ Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութեանց խորհուրդի (ՀՀԿԽ) համակարգող Արտակ Գաբրիէլեանի հետ

by on 2012/03/27  •  In Ա-Ինֆոյի, Այլ աղբյուրների

Արտակ Մարտինի Գաբրիէլեան ծնած է 1979ին՝ Վրաստանի Հանրապետութեան Ախալքալաքի շրջանի Վաչիան գիւղին մէջ։ 1996ին աւարտած է հայրենի գիւղին միջնակարգ դպրոցը, 2001ին՝ Երեւանի «Խ. Աբովեան» Պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրութեան բաժինը։ 2001էն 2002 աշխատած է Վաչիան գիւղի դպրոցին մէջ՝ որպէս Հայոց լեզուի եւ աշխարհագրութեան ուսուցիչ։ Զուգահեռաբար մասնակցած է Ա−ԻՆՖՕ միութեան ստեղծման աշխատանքներուն՝ իբրեւ հիմնադիր անդամ։ 2002ին՝ Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութեանց ժամանակ, Ա. Գաբրիէլեան ընտրուած է գիւղական ժողովի երեսփոխան եւ 2002էն 2006 աշխատած է Վաչիանի գիւղական ժողովին մէջ՝ որպէս քարտուղար։ Նոյն ժամանակահատուծին եղած է նաեւ Ա−ԻՆՖՕ լրատու գործակալութեան փոխ−տնօրէն։ 2006էն անոր տնօրէնն է, ինչպէս եւ նոյնանուն միութեան ղեկավարը։ Միութիւնը կ՚անդամակցի Սամցխէ−Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութեանց Խորհուրդին։ Ա. Գաբրիէլեան 2006էն այդ Խորհուրդի համակարգողն է։

Մարտի սկզբին, Պրիւսէլի Հայ Դատի գրասենեակի հրաւէրով՝ Եւրոպա կ՚այցելէր Սամցխէ−Ջաւախքի ՀՀԿԽ համակարգող՝ Արտակ Գաբրիէլեան, որ շարք մը հանդիպումներ ունեցաւ Պրիւսէլի, Փարիզի, Մարսիլիոյ, Լիոնի եւ Աթէնքի մէջ։ Օգտուելով առիթէն՝ «Նոր Յառաջ» հարցազրոյց մը ունեցաւ Պարոն Գաբրիէլեանի հետ, զոր կը ներկայացնենք ստորեւ։

∗∗∗

Հ. Պարոն Գաբրիէլեան, ե՞րբ եւ ի՞նչպէս ստեղծուեցաւ Ջաւախքի Խորհուրդը, քանի՞ կազմակերպութիւններ կ՚անդամակցին անոր։
Պ. Խորհուրդը ձեւաւորուել է 2003 թուականին։ Նրա կազմի մէջ կան 30 հայկական հասարակական կազմակերպութիւններ, որոնցից իւրաքանչիւրն ունի առնուազն հինգ անդամ։ Խորհրդի ժողովների ժամանակ՝ ամէն մի կազմակերպութիւն ներկայացուած է լինում մէկ անդամով։ Խորհուրդի ղեկավար կազմը պարբերաբար կարող է փոխուել՝ կախուած գործունէութեան առաջնահերթութիւնից եւ ծրագրային դաշտից. երեք ամիսը կամ վեց ամիսը մէկ՝ մի կազմակերպութիւն կարող է ստանձնել Խորհրդի ղեկավարութիւնը։ Խորհուրդը ինքը պաշտօնապէս գրանցուած չէ, բայց այն կազմող կազմակերպութիւնները գրէթէ բոլորն էլ իրաւական գրանցում ունեն։ Դեռեւս 90ական թուականներից՝ ջաւախցիները հետամուտ են եղել Վրաստանում քաղաքական կուսակցութիւն գրանցելու, սակայն այդ դիմումները բազմիցս մերժուել են Վրաց իշխանութիւնների կողմից՝ պատճառաբանութեամբ, թէ այն զուտ տարածաշրջանային կամ ազգային կուսակցութիւն կը լինի։ Ինչեւիցէ, արդարադատութեան նախարարութեան վերջին պատասխանը այդպիսին էր, չնայած որ մեզ ծանօթ են շատ երկրների օրինակներ, ուր գործում են որոշակի տարածաշրջան ներկայացնող կուսակցութիւններ, եւ պարտադիր չէ, որ մայրաքաղաքից լինի նախաձեռնութիւնը։

Հ. Ի՞նչ նպատակ կը հետապնդէ ձեր Խորհուրդը։
Պ. Նպատակները ձեւակերպուել են Հարաւային Կովկասի հանրապետութիւնների վերանկախացումից անմիջապէս յետոյ, երբ փորձում էինք քաղաքական կուսակցութիւն ստեղծել։ Կուսակցութիւն գրանցելու իմաստն այն էր, որ ջաւախցին կարողանար լիարժէք մասնակցել Վրաստանի ներքաղաքական կեանքին, քանի որ թէ՛ տեղական ինքնակառավարման մարմինների, թէ՛ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու համար անհրաժեշտ է, որ Վրաստանում գրանցուած կուսակցութիւն լինի։ Վերջապէս, 2003ին, դեռ 90ականներից Ջաւախքում գործող հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչները ընդլայնուած նիստ գումարեցին եւ որոշեցին ձեւաւորել այս Խորհուրդը։ Նրա գործունէութիւնը հիմնականում հասարակական հիմունքներով է, բայց փորձում ենք նաեւ քաղաքական դաշտ մտնել. խորհուրդի գործունէութեան առանցքային գիծը քաղաքական է, չնայած որ առայժմ ընտրութիւններին չենք կարողանում մասնակցել։

Հ. Իսկ կա՞յ արդեօք կարելիութիւն, որ Թիֆլիսէն որոշ գործիչներ՝ թէկուզ ջաւախքեան ծագում ունեցող, հանդէս գան նախաձեռնութեամբ եւ փորձեն ձեր նշած կուսակցութիւնը կամ արդէն գոյութիւն ունեցող Խորհուրդը արձանագրել։
Պ. Տեսէ՛ք, ամէն դէպքում, ինչ էլ որ գրանցուի՝ Թիֆլիսում պէտք է գրանցուի։ Ուղղակի, արդարադատութեան նախարարութիւնը անհեթեթ պատճառաբանութիւններ է բերում։ Խորհուրդի կամ գրանցուելիք կուսակցութեան կազմի մէջ կային նաեւ տեղում ապրող Վրացիներ. հէնց նախագահութեան անդամներից մէկը Վրացի է։ Յետոյ, եթէ նախաձեռնութեան առաջարկը Ջաւախքից էր, դա դեռ չէր նշանակում, որ բոլոր անդամները պէտք է լինէին Ջաւախքից. Աջարիայից կարող էին լինել, Քութաիսից, Խաշուրիից, Թիֆլիսից։ Այդ մերժումն ակնյայտօրէն քաղաքական ենթաթեքսթ ունէր, քանի որ կուսակցութիւն գրանցելով՝ մենք աստիճանաբար պիտի համարկուէինք քաղաքական կեանքին։

Հ. Իսկ օրէնքը յստակ ի՞նչ կ՚ըսէ։
Պ. Ըստ օրէնքի՝ կարող ես ունենալ Վրաստանի քաղաքացիների 10 հազար ստորագրութիւն, որից 50 հոգին պէտք է դառնայ կուսակցութեան նախաձեռնող խումբը։ Պէտք է ներկայացուի կուսակցութեան կանոնադրութիւնը, որը պէտք է բնականաբար համահունչ լինի երկրի սահմանադրութեանը, այնուհետեւ արդարադատութեան նախարարութիւնը պէտք է գրանցի այդ կուսակցութիւնը։ Մենք մի քանի անգամ ենք այդ ստորագրութիւնները հաւաքել, ներկայացրել. մէկ անգամ պատճառաբանեցին՝ անուանումը Վիրք է, յետոյ դարձրինք Զանգ: Մի խօսքով, ի վերջոյ եկանք հասանք այս հանգրուանին՝ ստեղծելով Սամցխէ-Ջաւախքի այս Խորհուրդը։

Հ. Ի՞նչպիսի գործունէութիւն կը ծաւալէ Խորհուրդը եւ որո՞նք են ձեր պահանջները։
Պ. Սամցխէ-Ջաւախքի ՀՀԿԽ-ի գործունէութիւնը հիմնականում վերաբերում է Ջաւախքում ապրող Հայերի իրաւունքների պաշտպանութեան խնդրին։ Այսօր պետութեան կողմից խտրական քաղաքականութիւն է վարւում՝ ազգային փոքրամասնութիւնների եւ յատկապէս Հայերի հանդէպ. Խորհուրդը ինչ-որ կերպ փորձում է այդ խնդիրներին լուծում տալ։ Նախ, Խորհրդի հիմնական պահանջը Վրաստանից՝ Ջաւախքի ինքնավար կարգավիճակի ձեւաւորումն է, քանի որ այսօր Վրաստանը ինքնին դաշնային պետութիւն է. ինչո՞ւ Աջարները ունենան ինքնավարութիւն, իսկ Հայերը՝ ոչ։ Մեր ուզած ինքնավարութիւնը աւելի շատ ազգային-տարածքային ինքնավարութիւն է։ Յաջորդ պահանջը՝ Հայոց լեզուի կարգավիճակի հարցն է, որ այն տարածաշրջանում լինի երկրորդ պետական լեզու։ Կրօնական հարթութեան վրայ՝ մենք պահանջում ենք Ջաւախքում հայ առաքելական թեմի ձեւաւորում։ Յաջորդ պահանջը՝ հայ-վրացական համատեղ համալսարան ունենալն է, որտեղ հայերէնի իմացութեամբ ընդունուած ուսանողը կը կարողանայ աւարտել ուսումը՝ վրացերէնի գիտելիքները սերտած։ Յետոյ՝ սոցիալ-տնտեսական քաղաքականութեան վերաբերեալ շատ պահանջներ ունենք, որպէսզի դոնոր կազմակերպութիւններից, գերտերութիւններից ստացուած գումարների մի մասը ուղղորդեն Ջաւախք։ Այս ուղղութեամբ արդէն իսկ աշխատանքներ են տարւում ԱՄՆ Հայ Դատի գրասենեակի հետ։ Այս բոլոր խնդիրները, վերջին հաշուով, առաւել դիւրին լուծում կը ստանան, եթէ Ջաւախքը ունենայ ինքնավարութիւն Վրաստանի կազմում։

Հ. Կը մտածէք, որ վրաց իշխանութիւնները հանգիստ պիտի ընդունի՞ն ինքնավարութեան գաղափարը։
Պ. Վրաստանի բարձրաստիճան իշխանաւորները բազմիցս յայտարարել են Վրաստանի պետութեան դաշնային կառուցաձեւի վերաբերեալ՝ Աբխազիային եւ Հարաւային Օսիային առաջարկելով լայն լիազօրութիւններով ինքնավարութիւն։ Եթէ իրենք ուզում են ցոյց տալ, որ յարգում են իրենց ազգային փոքրամասնութիւններին, նախ պէտք է Ջաւախքի ժողովրդին լիազօրութիւններ շնորհեն,- ժողովուրդ, որն աւանդաբար համախումբ բնակւում է այդ տարածքում,- եւ այդպիսով՝ այդ օրինակով համոզեն Աբխազներին եւ Օսերին։ Մեր Խորհուրդը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականութիւնը։ Շատ դէպքերում տպաւորութիւն է ստեղծւում, թէ ջաւախցիները չեն ուզում վրացերէն սովորել, բայց դա այդպէս չէ. մեր պահանջը զուտ այն է, որ վրացերէնի իմացութիւնը չպէտք է լինի հայերէնի հաշուին։ Եթէ այսօր դպրոցներում վրացերէնի դասաժամերը աւելացւում են՝ ի վնաս հայերէնի դասաժամերի, սա բնականաբար մեծ մտահոգութիւն է պատճառում մեզ։ Անհրաժեշտ է պարզապէս յատուկ կրթական կենտրոններ բացել, որպէսզի ջաւախցիները սովորեն երկրի պետական լեզուն։ Որովհետեւ առանց վրացերէնի իմացութեան՝ ջաւախահայերը չեն կարող համարկուած լինել երկրի հանրութեան մէջ։ Փաստօրէն՝ ժողովրդի պահանջն այն է, որ իրենք Վրաստանում ճանաչուեն որպէս երկրի լիարժէք քաղաքացի, ինչը ցաւօք դեռ գոյութիւն չունի։

Հ. Արդեօք ընդհանրապէս Վիրահայերու խնդիր կա՞յ Վրաստանի մէջ։
Պ. Վիրահայութեան խնդիրները տարբերւում են ջաւախահայութեան խնդիրներից։ Թիֆլիսահայութիւնը եւ վիրահայութեան մեծ մասը տիրապետում են երկրի պետական լեզուին, ուստի եւ վերոնշեալ խնդիրները նրանց չեն վերաբերում։ Բացի այդ, նրանք համախումբ չեն ապրում. Թիֆլիսում ցրուած են, Աջարիայում ընդամէնը 25 հազար Հայ կայ, Ջաւախքին յարակից Քուէմօ-Քարթլի տարածաշրջանում նոյնպէս կայ հայ ազգաբնակչութիւն։ Իրենք բոլորն էլ նոյն խնդիրները չունեն, ինչ ջաւախահայութիւնը, որի հանդէպ ուժի, բռնութեան միջոցով տարւում է խտրական քաղաքականութիւն։ Ջաւախքում այսօր մեծ արտագաղթ կայ, որը սպառնում է նաեւ Հայաստանի Հանրապետութեան ռազմավարական անվտանգութեանը։ Սա Վրաստանի միակ քրիստոնեայ տարածքն է, որով Հայաստանը կապւում է արտաքին աշխարհին։ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու եւ Ջաւախքի հիւսիսային սահմանով անցնող՝ Բաքու-Ճէյհան նաւթամուղի շինարարութեամբ՝ Ջաւախքում ահագնանում է նաեւ թուրքական վտանգը։ Այս նախագծերի՝ կեանքի կոչուելուց յետոյ, հնարաւոր է մի քանի տարուայ ընթացքում Հայաստանը բոլորովին մեկուսանայ։ Թուրքերի հիմնական նպատակներից մէկն է՝ ցամաքային սահման ունենալ Ադրբեջանի հետ, իսկ ամենակարճ ուղին անցնում է հէնց Ջաւախքով, որի միջոցով Թուրքիան կարող է կապուել Քուէմօ-Քարթլի տարածաշրջանի հետ, ուր համախումբ բնակւում են 500-600 հազար Ադրբեջանցիներ, որոնք էլ, իրենց հերթին, սահմանակից են Ադրբեջանի Հանրապետութեանը։ Նշուած երկաթգիծը հէնց այդտեղով պէտք է անցնի, եւ նրա շինարարութեան պատրուակով արդէն բաւականին թուրքական ներկայութիւն կայ Ջաւախքում։

Հ. Հայաստանի կառավարութեան հետ ի՞նչպէս են յարաբերութիւնները։ Որեւէ օժանդակութիւն կա՞յ ձեր Խորհուրդին։ Միջկառավարական յանձնաժողովները դրական դեր կը խաղա՞ն ձեր խնդիրներու լուծման մէջ։
Պ. Իրականութեան մէջ՝ ցանկացած Հայի անվտանգութեան երաշխաւորը պէտք է լինի Հայաստանի Հանրապետութիւնը, որը ցաւօք սրտի՝ առնուազն Վրաստանի եւ վիրահայութեան պարագայում՝ չկայ։ Վրաստան-Հայաստան յարաբերութիւնները «բարիդրացիական» են, բարեկամութիւն են խաղում, եղբայրութիւն են քարոզում, բայց ՀՀ օրակարգում այսօր Ջաւախք բացարձակ չկայ։ Յամենայն դէպս, իրենց գործունէութիւնը դա է ապացուցում։ Մի շարք յանձնաժողովներ կան՝ միջկառավարական, միջխորհրդարանական, կրթական, որոնք պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում, բայց ջաւախահայութեան խնդիր՝ որպէս այդպիսին, երբեք չի քննարկուել, գոնէ՝ որեւէ լրատուական աղբիւր այդ մասին չի հաղորդել։ Տարէց-տարի արձանագրւում է վիճակի վատթարացում Ջաւախքում։ Հայաստանի կողմից ընդհանրապէս ներդրումային քաղաքականութիւնը չի խրախուսւում։ Շփւում են Վրաստանի հետ՝ որպէս երկու հարեւան պետութիւններ, այնինչ մեր Խորհրդի կողմից հէնց այս առաջարկութիւնն էլ է եղել, որ հայ-վրացական յարաբերութիւնների համաթեքսթում Ջաւախքը հանդիսանայ այդ բարեկամութեան խորհրդանիշը, երկու երկրները կապող կամուրջը։ Ի հարկէ, Հայաստանի վարած քաղաքականութիւնը նաեւ առարկայական պատճառներ ունի, իշխանութիւնները տարբեր առիթներով նշել են, որ գոյութիւն ունի Արցախի հարց, Ցեղասպանութեան խնդիր, եւ Ջաւախքի հարցը, իրենց կարծիքով, ինչ-որ կերպ խանգարում է այդ երկուսին։

Հ. Կ՚ըսէք, որ ներդրումային քաղաքականութիւնը չի քաջալերուիր, իսկ Ախալքալաքի գարեջրի գործատո՞ւնը, որ բացուեցաւ անցեալ տարի, եւ որուն բացումին ներկայ էր Հայաստանէն պատուիրակութիւն մը։
Պ. Այո՛, բայց մէկ ներդրումը դեռ բաւարար չէ. անշուշտ, ողջունելի քայլ էր այդ գործարանի բացումը, մանաւանդ որ հումքն էլ Ջաւախքում արդէն կայ՝ գարիի արտադրութիւնը։ Այո՛, Հայաստանի Ազգային Ժողովի փոխ-նախագահն է եւ մի ամերիկահայ, որ համատեղ բացել են այդ գործարանը։ Մօտաւորապէս 2-3 հարիւր հոգի մարդ է աշխատում այդ գործարանում. այդպիսի գործերը պէտք է աւելանան… Տեսնենք, յամենայն դէպս յոյսով ենք, որ յառաջիկայում որոշները նոյնպէս կը շահագրգռուեն եւ կ՚անեն նմանատիպ ներդրումներ։

Հ. Հայաստանի մէջ կա՞ն կուսակցութիւններ, որոնք ունին Ջաւախքի վերաբերող մասնաւոր ծրագրեր եւ յատուկ ուշադրութիւն կը դարձնեն Ջաւախքի խնդիրներուն։
Պ. Կարծում եմ, որ Ջաւախքի հարցը մէկ կուսակցութեան կամ մի քանի կազմակերպութիւնների օրակարգում լինելով լուծում չի ստանայ. Ջաւախքի հարցը պէտք է դառնայ համահայկական հարց, ինչպէս, օրինակ, Ղարաբաղի հարցն է, կամ Ցեղասպանութեան հարցն է։ Այս ուղղութեամբ՝ աշխատում ենք աշխարհով մէկ գտնուող՝ Հայ Դատի գրասենեակների հետ, կազմակերպում ենք նմանատիպ համայնքային հանդիպումներ։ Քանի դեռ Ջաւախքում կայ հայ ազգաբնակչութիւն, հարցը պէտք է բարձրացուի, եւ երկու պետութիւնների՝ Հայաստանի ու Վրաստանի բարիդրացիական յարաբերութիւնների համաթեքսթում լուծուի։ Ջաւախցիների ուզածը մեծ բան չի. ընդամէնը սեփական իրաւունքների պաշտպանութիւն, իսկ ինքնավարութիւնը դրա լաւագոյն տարբերակն է։ Ցաւօք սրտի, այսօր Վրացիների համար տարբերութիւն չկայ՝ Ջաւախքում Հայն է ապրում, թէ Թուրքը…

Հ. Պաքու−Ճէյհան նորակառոյց նաւթամուղը, որ կ՚անցնի Ջաւախքի հիւսիսային սահմանով, որեւէ օգուտ կը բերէ՞ տարածաշրջանին։
Պ. Ոչ մի օգուտ չի կարող բերել, բացի վնասից. ժողովրդի ձեռքից չնչին գներով իր հողատարածքներն առան, որ կառուցեն այդ խողովակաշարը, յետոյ դրա վերահսկման պատրուակով՝ բազմաթիւ Թուրքեր եւ Ադրբեջանցիներ եկան, որպէսզի ապահովեն այդ նաւթամուղի «անվտանգութիւն»ը։ Նոյնն էլ, կարծում եմ, կը լինի երկաթգծի պարագայում, որն արդէն Ջաւախքի հարաւային մասով պիտի անցնի՝ Հայաստանի սահմանի մօտով։

Հ. Որո՞նք են ձեր յառաջիկայ ծրագրերը։
Պ. Յառաջիկայում Վրաստանում խորհրդարանական ընտրութիւններ են։ Մենք պէտք է փորձենք գտնել մէկ կուսակցութիւն, որը կարողանայ թեկնածու առաջադրել մեր կողմից։ Տեսնենք՝ ո՛ր կուսակցութիւնը կը համաձայնուի… Այնքան էլ իրատեսական չէ դա, որովհետեւ Վրաստանի ընդդիմութիւնը նոյնպէս, իշխանութիւնների նման, մեզ վերաբերւում է իբրեւ անջատողական մի ուժի։ Մենք այդ դառը փորձը ունենք արդէն 2010 թուականից, երբ մասնակցեցինք տեղական ինքնակառավարման մարմիննե- րի ընտրութիւններին. հազիւ գտանք մի կուսակցութիւն, եւ այն էլ անմիջապէս ընտրութիւններից յետոյ լուծարուեց՝ իշխանական ճնշումների հետեւանքով։

Հ. Որպէս Ձեր եւրոպական այցի ամփոփում՝ ի՞նչ կը փափաքէիք ըսել մեր ընթերցողներուն։
Պ. Իմ այցը Եւրոպա կազմակերպել էր Պրիւսէլի Հայ Դատի գրասենեակը (Fédération Euro-arménienne pour la Justice et la Démocratie)։ Բաւական արդիւնաւէտ հանդիպումներ էին՝ մօտ երկու տասնեակ պատգամաւորների հետ, որոնցից գրեթէ բոլորն էլ առընչւում էին Վրաստանի կամ Հարաւային Կովկասի խնդիրներին։ Այսինքն՝ յանձնաժողովների ղեկավարներ էին կամ անդամներ, խորհրդարանի փոխ-նախագահ, Վրաստանի հարցերով զեկուցաբեր կամ պատասխանատու։ Նրանց ներկայացրեցի բոլոր մեր խնդիրները եւ պահանջները։ Բոլոր զրուցակիցներս ըմբռնումով են մօտեցել իմ պահանջներին, քանի որ դրանք համահունչ են եւրոպական սկզբունքներին։ Շատերի համար նորութիւն էր, որ Վրաստանը, արդէն քանի տարի շարունակ ընդունած լինելով ազգային փոքրամասնութիւնների լեզուի մասին եւրոպական խարտիան (հրովարտակը – «ՆՅ»), չի վաւերացրել այն։ Ըստ այդ խարտիայի՝ ազգային փոքրամասնութիւնները տուեալ տարածաշրջանում իրաւունք ունեն գործածելու իրենց մայրենի լեզուն։ Բոլոր պատգամաւորներն էլ խոստացել են յետագայում համագործակցել Խորհուրդի հետ։ Իրենց յանձնուել է Խորհրդի կողմից մշակւած՝ մի քանի սկզբունքային կէտեր պարունակող յուշագիր։

Հ. Ի՞նչ կը սպասէք ֆրանսահայութենէն։
Պ. Ֆրանսահայերից սպասում ենք բարոյահոգեբանական օգնութիւն՝ ուրիշ ոչինչ։ Համայնքային հանդիպումների ժամանակ՝ Փարիզում թէ Լիոնում թէ Մարսէլում, խնդրել եմ Ֆրանսիայում ապրող Հայերին, որ պարբերաբար այցելութիւններ կազմակերպեն Ջաւախք՝ տեղում ծանօթանան իրավիճակին, ժողովրդի կեանքին ու խնդիրներին։ Օրինակ՝ այս «Ֆրանս-Ջաւախք» յանձնախումբը, որը կազմակերպել էր իմ հանդիպումները,- եւ ես իմ երախտագիտութիւնն եմ յայտնում նրան,- ինքը մեծ գործ է կատարել Ջաւախքում. գնել է մէկ երիտասարդական կենտրոն Նինոծմինտա քաղաքում, որն այս տարւայ ընթացքում արդէն պէտք է փորձենք աշխատեցնել։ Ի հարկէ, հրաշալի կը լինէր, եթէ ուրիշ ֆրանսահայեր էլ կարողանային ներդրումներ անել Ջաւախքում, աշխատատեղեր ստեղծել, գիւղատնտեսութիւնը զարգացնել… Յամենայն դէպս, ամենակարեւորը՝ այցելութիւններն են, որոնցից սկսւում է ամէն ինչ։

Հարցազրոյցը վարեցին՝
Ժիրայր Չոլաքեան եւ
Տորք Դալալեան

«Նոր Յառաջ», Մարտ 23 եւ 27, թիւ 343 եւ 344

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ