ԱՍԱԼԱ-ն Ջավախքո՞ւմ. կարծիքներ

Վերջերս թուրքական «Պայքար հայկական անհիմն պնդումների դեմ» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ Հայաստանի ազատության հայ գաղտնի բանակը՝ ԱՍԱԼԱ-ն, կրկին բացվել է Ջավաքում «Վիրք-երկիր» անվանումով: Ջավախքում այդ հայտարարությունը համարում են անհիմն ու անհեթեթ:

Հայտարարությունը

«Պայքար հայկական անհիմն պնդումների դեմ» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը անհանգստացած է. իբրթե ԱՍԱԼԱ-ն, որի գործունեության դադարեցման մասին հայտարարվել էր դեռևս 1984 թվականին, կրկին բացվել է Ջավախքում: Ըստ թուրքական այս միության, Վրաստանում բնակվող 600 հազար ադրբեջանցի թուրքերի կյանքի համար սպառնալիք է, քանի որ ԱՍԱԼԱ-ի և «Վիրք-երկրի» աշխարհայացքները նույնն են:

Ախալքալաքցիների կարծիքները

Ախալքալաքում անջատողականության մասին խոսելիս՝ շուկայում, դպրոցում, խանութում, դեղատանը, փողոցում և ամենուր նույն բանն են ասում: Շրջանում հայկական անջատողականության թեման ժամանակ առ ժամանակ արդիական է դառնում Թբիլիսիում, քանի որ կենտրոնական լրատվամիջոցները նախևառաջ Ջավախքն ընկալում են՝ որպես անջատողականության սպառնալիք պարունակող շրջան և շրջանով հետաքրքրվում են միայն այն ժամանակ, երբ այդ թեման արդիական են համարում:

Բնակչության շրջանում Jnews-ի անցկացրած հարցումից պարզ է դառնում, որ բնակչության գերակշիռ մասը տեղյակ չէ Գյուբելի հայտարարության մասին: Իսկ մասնակիցների մեծ մասը, մեզանից լսելով նորությունը, ծիծաղելի որակեց:

Մամուկա Արեշիձեն Գյուբելի հայտարարության հետքերով

«Հայկական ահաբեկչական ԱՍԱԼԱ խմբավորումը թատերաբեմից հեռացել է 1980-ական թվականներին: Նրա հայտնվելը հենց Ջավախքում անսպասելի կլիներ: Ինչ վերաբերում է «Վիրք» կազմակերպությանը, ապա այդ սեպարատիստական միավորումն իրականում գոյություն ունի: Դեռևս Ջավախքում իրավիճակը կառավարելի է: Այնտեղ հիմա ձյունը կոկորդին է: Շատ բան է կախված իրադարձությունների զարգացումից: Ջավախքում շատ տեղերում լարված իրավիճակ է և ինֆորմացիա կա, որ այդ շրջանում, հատկապես քրեական շրջանակներում, շատ զենք կա: Բայց այս պահին վրացական իշխանությունները վերահսկում են իրավիճակը Ջավախքում: Չնայած ինչ-որ դրսից ռադիկալ խմբավորումներ են ֆինանսավորվում, որպեսզի հետագայում հիմք նախապատրաստեն ապագայի համար»

«Վիրքը»՝ հայտարարության մասին

Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում «Վիրք-երկիր» անվամբ որևէ միություն կամ կուսակցություն գոյություն չունի։ «Վիրք» չգրանցված կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը մեզ հետ զրույցում աբսուրդ համարեց ԱՍԱԼԱ-ի վերաբացումը Ջավախքում, մատնանշելով որ թուրք-ադրբեջանական հերթական հնարքներից է սեպ խրել հայ-վրացական հարաբերություններում:

Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքը

«Հիմքեր չկան, քանի որ ոչ-ոք չի կարող ապացուցել կամ ներկայացնել գոնե մեկ անձի, ում սեպարատիզմի կամ այդպիսի գործողության համար դատապարտել են, այս ամենը զուտ որպես հռետորական մեղադրանք է: Եթե ինչ-որ մեկին ուզում են փչացնել կամ հեղինակազրկել, դրա համար էլ օգտագործում են այդ եզրույթը: Եվ իրենք հասկացել են, որ ամենաթույլ օղակն այս պարագայում Ջավախքն է: Ռուսաստանի հետ կապելով այս շրջանը, ասելով որ Ռուսաստանի շահերին են որոշ տեղի քաղաքացիներ աշխատում և Վրաստանին ապագայում ինչ-որ խնդիր կարող են ստեղծել: Այս ամենն իմ կարծիքով ընկալվում է հանրության որոշ ներկայացուցիչների մոտ, դրա համար ապատեղեկատվությունն ուղղված է Վրաստանի շարքային քաղաքացիներին», – ասում է վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Տեղական իշխանության ներկայացուցիչ

«Շատ անգամ մենք լրատվամիջոցներով լսում ենք, որ ժողովուրդը խանգարում է երկաթգծի գործարկմանը, կամ սեպարատիզմը զարգանում է, ոչ մի նման բան չկա: Կան մարդիկ, ընկերություններ, որ երկաթգծից գումարներ չեն ստացել, ես այդ մարդկանց հետ հանդիպել եմ՝ ասացին որ էտապ-էտապ տալիս են գումարները և 3 ամիս է այդ խոստումները չեն խախտել: Հայտարարեցին, որ երկաթգիծը գործում է, առաջին գնացքը գնաց, բայց այդ գնացքը կարծես երազանքի մեջ էր, եկավ գնաց, դրանից հետո ոչ մի բան չեղավ: Շատ անգամ երկաթգծի կողքով անցնում ես և ոչ մի շարժ, աշխատող չեն ընդունում: Երկաթգծի կողքով անցնելիս տեսնում ես անտեր մի կիսակառույց, որտեղ տեղ-տեղ նույնիսկ լույս չկա: Այսօր, որ երկաթգիծը չի գործում, դա իրենց սխալ հաշվարկների արդյունքն է, ոչ թե տեղական մեր ժողովրդի խանգարելը», – ասաց Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Վերջինս մատնանշում է, չնայած դեռևս չլուծված բազմաթիվ խնդիրների, Ախալքալաքը բնականոն զարգացում է ապրում, ինչպես Վրաստանի մյուս շրջանները: Այդ խնդիրները իրենց մեջ չեն պարունակում անջատվելու միտումներ: Ավելացնելով. «Եթե նման բան են հայտարարում, թող օրինակ բերեն, ոչ թե միֆերով խոսեն»:

Իսկ կոնկրետ հայտարարության մասին, որ Ջավախքում վերաբացվել է ԱՍԱԼԱ խմբավորումը Նաիրի Իրիցյանը պատասխանեց.

«ԱՍԱԼԱ-ն կապել Ջավախքի հետ շատ սխալ է: Այսօր եթե նայենք կտեսնենք, շրջանում թուրքական կաֆեներ կան, նրանք ազատ ելումուտ են անում, թուրքական ինվեստիցիաներ են կատարվում, օրական հարյուրավոր բեռնատարներ են սահմանից մտնում շրջան, թող մի օրինակ բերեն, որ թուրքին բան ասող է եղել, ազգային խնդիր է բարձրացվել»:

Հասարակական կազմակերպություններ

Ըստ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի, ցանկացած քաղաքական հայտարարություն պիտի հիմնավորված և փաստարկված լինի:

«Մեզ համար զարմանալի չէ, թուրք-ադրբեջանական մամուլն անընդհատ խոսւմ է ջավախքյան սեպարատիզմի մասին: ԱՍԱԼԱ-ի ներկայության և «Վիրք-երկիր» գոյություն չունեցող կազմակերպությանը վերագրելը ցինիզմի հասնող հայտարարություն է: Հակահայկականությունը, որը Սաակաշվիլիի տարիներին մեծ պրոպագանդա եղավ Վրաստանում բնականաբար համախոհներ կգտնեին վրացական շրջանակներից, որ իրենց ջրաղացին ջուր լցնեին: Նմանատիպ հայտարարությունները պաշտպանական հող նախապատրասելու համար են: Տեսեք, Վրաստանի վարչապետի հայտարարությունը Աբխազիայով և Օսիայով ազատ միջանցքի մասին, վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի բարձրագույն իշխանությունների սերտ հարաբերությունները, համագործակցության դրական դինամիկան և այլն, այս ամեն ինչի մեջտեղը սեպ խրելու միտում կա»,- ասաց նա:

Խոսելով սեպարատիզմի հերթական ալիքի մասին, Արտակ Գաբրիելյանը վստահեցնում է, Ջավախքում անջատողականություն որ լիներ, ապա բազմաթիվ հարմար առիթները բաց չէին թողնի:

«Վրաստանը հետխորհրդային ժամանակահատվածում բազմաթիվ դժվար ժամանակահատվածներ է ունեցել, պատերազմներ, խառնաշփոթ, ցանկացած ժամանակ ջավախքցիները իրենց հավատարմությունն ապացուցել են վրաց պետականության հանդեպ: Ճիշտ է, Ջավախքում կան շրջանակներ, ովքեր հակաիշխանական են, բայց հակաիշխանականն ու հակապետականը մենք պիտի տարբերենք», – եզրափակեց Խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:

Հնացած հնարքների մասին…

Թբիլիսիում գործող Ալիք-մեդիա լրատվականի գլխավոր խմբագիրը Վրաստանում հակահայկական տրամադրություններ ստեղծողներին խորհուրդ է տալիս երևակայական նոր հնարքների դիմել:

«Լուրերն այն մասին, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բնականոն գործունեությունը խաթարելու` Ջավախքի հայերի կողմից իբրեւ թե ինչ-ինչ գործողություններ են նախապատրաստվում աբսուրդի ժանրից են, իսկ ԱՍԱԼԱ-ի` Վրաստանի տարածքում գոյություն ունենալու մասին մտացածին «վերլուծություններին» անիմաստ եմ համարում անդրադառնալ, քանի որ անհիմն այս պնդումները պարբերաբար լսում ենք Անկարայից և Բաքվից, սակայն, ինչպես գիտենք, այս կազմակերպությունը 1980-ականների սկզբից որևէ դրսևորում չի ունեցել, ուստի խորհուրդ կտամ Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական տրամադրություններ սերմանողներին երևակայական նոր հնարքներ փորձել»,- ասաց Արսեն Խառատյանը:

Հավելելով, որ Վրաստանի փորձագիտական շրջանակներում հայտնի անհատներ կան, ովքեր պարբերաբար հարկ են համարում անդրադառնալ Ջավախքում` այսպես կոչված անջատողականության խնդրին:

«Դրանցից որոշները գուցե երրորդ երկրների շահերի էմիսարներ են, որոշներն էլ երկրում գոյություն ունեցող հակահայկական տրամադրությունների անկեղծ կրողներ»:

Աղունիկ Այվազյան

ԱՍԱԼԱ-ն Ջավախքո՞ւմ. կարծիքներ

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ