Թբիլիսում 1883 թվականին կառուցված հայկական Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին կեղծ փաստաթղթի հիման վրա փոխանցվել է վրաց պատրիարքարանին: Վիրահայոց թեմը դիմել է դատարան:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Նա հայտնեց, որ 2017 թվականի ապրիլին պատրիարքարանի քարտուղար Բոթքովելին պատրիարքարանի անունից դիմել է Վրաստանի հուշարձանների պահպանության և վերականգնման գործակալություն Թանդոյանց եկեղեցու մասին տեղեկություններ ստանալու համար:
«Գործակալությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե իբր այդ եկեղեցին նախկինում եղել է վրացական: Այնինչ այդպես չի եղել, այդ կողմերում, այդ վայրում եղել է վրացական եկեղեցի, բայց ոչ Թանդոյանցը: Այդ կեղծ փաստաթղթի հիման վրա Վրաստանի պետռեգիստրը այդ եկեղեցին փոխանցել է վրաց պատրիարքարանին որպես սեփականություն: Մենք բանավոր հանդիպումներ ենք ունեցել պատրիարքարանում, կառավարությունում, խորհրդարանում, այս հարցերը բարձրացել ենք, բացի դա նամակներ ենք գրել, բայց առայժմ միայն Հուշարձանների պաշտպանության գործակալության ղեկավարն է մեզ պատասխանել, թե իբր իր պատասխանած նամակում ինքը նկատի չի ունեցել Թանդոյանց եկեղեցին, այլ նշել է, որ այդ հասցեում եղել է եկեղեցի: Բանակցությունները շարունակվում են, սակայն մենք դիմել ենք դատարան»,-ասաց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Միրզախանյանի խոսքով՝ քանի որ հարցը բանավոր, գրավոր խնդրանքներով չի լուծվել, տեղափոխել են իրավական դաշտ:
Հարցին, թե ինչ են պահանջել դատարանից, Միրզախանյանն ասաց. «Մենք դիմում ենք դատարանին պահանջով, որ կա՛մ եկեղեցին վերադարձվի Վիրահայոց թեմին, որպես իր պատմական ժառանգություն, կա՛մ նորից եկեղեցին որպես պետության սեփականություն վերադարձվի Էկոնոմիկայի նախարարությանը»:
Միրզախանյանը հայտնեց, որ եկեղեցին գործել է մինչև խորհրդային տարիները որպես հայ առաքելական եկեղեցի, հետո վերածվել է կինոթատրոնի, վերջին տասնհինգ տարիներին տանիքը փլուզված էր։
«Վերանորոգման ժամանակ մենք դիմել էինք, որ եկեղեցին ունենա կարգավիճակ, այդ ամենն անտեսվել է, և կեղծ փաստաթղթերի հիման վրա՝ սեփականության իրավունքով տրվել է պատրիարքարանին, շրջանցվել է նաև Կրոնի հարցերով գործակալությունը»,-ասաց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Նրա խոսքով՝ Վրաստանում 2002 թվականին եկեղեցու և պետության միջև կնքված համաձայնագրում մի կետ կա, որը վտանգ է ներկայացնում Վրաստանում գտնվող բոլոր քրիստոնեական եկեղեցիների համար. «Պետության և վրաց պատրիարքարանի միջև կնքված սահմանադրական համաձայնագրի 2-րդ կետի համաձայն՝ Վրաստանում բոլոր քրիստոնեական եկեղեցիները համարվում են Վրաց եկեղեցուն պատկան տաճարներ»:
http://www.tert.am/am/news/2018/01/16/tandoyats/2588946