Վիրահայոց թեմի առաջնորդը ՀՀ Նախագահի հետ քննարկել է Վրաստանի հայկական համայնքում կրթական, մշակութային խնդիրները

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Վրաստանի հայկական համայնքում կրթական, մշակութային խնդիրները և համայնքին հուզող հարցերը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ընդգծել է, որ Վրաստանի հայկական շատ դպրոցներում ուսուցիչների վերապատրաստման խնդիր ունեն:

«Շատ դպրոցներ ուսուցիչներով ապահովելու խնդիր ունենք: Իհարկե, սա Վրաստանի կրթության նախարարության խնդիրն է, բայց գիտենք, որ Հայաստանում անվճար ուսուցանում են Վրաստանից գնացած հայ երիտասարդների, ովքեր մանկավարժ դառնալու ցանկություն ունեն: Եվ նրանք հետո կվերադառնան այստեղ՝ հայկական դպրոցներում դասավանդելու, հատկապես Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի շրջաններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Վիրահայոց թեմի առաջնորդը:

Վրաստանում կա 120-ից ավելի հայկական դպրոց: Վիրահայոց թեմի առաջնորդը շեշտել է, որ այդ դպրոցներում հարյուրավոր մանկավարժների կարիք կա: «Մենք Ջավախքում դպրոց ունենք, որտեղ ավարտած աշակերտը չի հասցրել բարձրագույն կրթություն ստանալ, բայց նույն դպրոցում դասավանդում է: «Դրա համար կրթական մակարդակը ցածր է, և մենք այն բարձրացնելու խնդիր ունենք»,- նշել է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Նա հավելել է, որ ինքը ՀՀ Նախագահին խնդրել է, որպեսզի առավել աշխուժացվեն մշակութային կապերը Հայաստանի և Վրաստանի միջև: «Մենք շատ լավ ենք ճանաչում Վրաստանը, վրացական մշակույթը, քանի որ հայերը շատ են Վրաստան այցելում, բայց վրացիները Հայաստան քիչ են այցելում և չեն ճանաչում Հայաստանն ու հայկական մշակույթը: Եվ հարկավոր է, որպեսզի աշխուժանան մշակութային կապերը: Մշակութային կապերի համատեքստում առանձնացրել ենք հայ ստեղծագործողների աշխատանքները, նաև արդի հայ գրականությունը պետական մակարդակով վրացերեն թարգմանելու հարցը: Այսօր այդ հարցերը լուծվում են կամ գրողների միության կամ ուղղակի անհատների միջոցով, իսկ հարկավոր է հայ գրականությունը վրացերեն թարգմանել, քանի որ Վրաստանում ընթերցանությունը շատանում է, շատ նոր գրախանութներ են բացվում, որոնք դառնում են գրքասերների ակումբներ»,- մանրամասնել է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդը ՀՀ Նախագահի հետ կարևորել է նաև հայ գործարարների կողմից Սամցխե-Ջավախքի շրջանում ներդրումներ անելու հարցը: «Շատ է անհրաժեշտ, որ տեղի բնակչությունը, բացի գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներից, որը հիմնական զբաղմունքն է, այլ աշխատանքներ ևս ունենան, որպեսզի սոցիալական կյանքն այնտեղ ավելի ապահով լինեն, և մարդիկ չլքեն իրենց համայնքները»,- ասաց նա:

http://www.tert.am/am/news/2017/12/26/mirzakhanyan/2575182

Այցելե՛ք ՋԱՎԱԽՔ

javakhktour.ge
Տուրիստական գործակալություն

Ջավախքի Տուրիստական գործակալությունը` JavakhkTour-ը առաջարկում է Ձեզ այցելել Ջավախք ամենալավ պայմաններով: Տվյալ փաթեթը իր մեջ նեռարում է այցելություն Ջավախքի պատմամշակութային վայրեր, Վարձիա քարանձավային համալիր, Խերթվիսի բերդ, Թմբկա բերդ, Սաղամո լիճ, Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն-թանգարան ծանոթացում Ախալքալաք քաղաքին:

Տեղավորում բարձրակարգ հյուրանոցում: Օրեկան 3 անգամյա սննդով: Համտեսեք Ջավախք բնության համեղ ձուկը, խաշլաման, խորովածը:

Մանրամասների համար կարող եք այցելել մեր Վեբ-կայք www.javakhktour.ge հասցեով, ինչպես նաև գրել մեր էլ-փոստին: Կայքում կարող եք ծանոթանալ նաև մեր կողմից առաջարկվող մյուս փաթեթներին:

Տուրի արժեքը կազմվում է համաձայն մասնակիցների թվի ու պահանջվող ծառայությունների։

e-mail: javakhqtour@gmail.com

Հեռ. +995 362 223 973

Արխիվ